Երևանում նախատեսվում է ապամոնտաժել չգրանցված սուրճի վաճառքի ավտոմատները և վճարային տերմինալները։ Այս մասին աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ գրանցված սարքերն ամեն ամիս վճարում են քաղաքային տուրք, մինչդեռ չգրանցվածները՝ ոչ։
Քաղաքապետարանի տվյալներով՝ քաղաքում մնում է 1043 չգրանցված սուրճի ավտոմատ։ Քաղաքապետը հանձնարարել է պարզել, թե դրանցից որքանն է հնարավոր տեղափոխել իրավական դաշտ։ Նա ընդգծել է, որ այն սարքավորումները, որոնց սեփականատերերը կհրաժարվեն այն ձևակերպել սահմանված կարգով, կապամոնտաժվեն։
Ավինյանը նշել է, որ աշխատանքի նպատակն է ապահովել կանոնների պահպանումը և թափանցիկ պայմաններ ստեղծել առևտրային և վճարային սարքեր օգտագործող ձեռներեցների համար։