Գերմանական ընկերությունները գնալով ավելի ակտիվ են դիտարկում Հայաստանը որպես ներդրումների և համագործակցության հեռանկարային հարթակ։ Այս մասին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ նշելով, որ տարածաշրջանը ռազմավարական նշանակություն է ձեռք բերում որպես Եվրոպայի և Ասիայի միջև կապող օղակ։
Մերցի խոսքով, ներուժի բացահայտման համար կարևոր է ապահովել կայուն իրավական միջավայր, մրցակցություն և կանխատեսելիություն. հենց այս գործոններն է, որ գերմանական բիզնեսը գնահատում է առաջին հերթին։ Գերմանիայից ժամանած ընկերությունները, հատկապես փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, ավանդաբար առավելագույն զգուշությամբ են մոտենում արտասահմանյան ներդրումներին, սակայն թափանցիկ պայմանների առկայության դեպքում դառնում են հուսալի երկարաժամկետ գործընկերներ։
Կանցլերը ընդգծել է, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները առանցքային նշանակություն ունեն նոր նախագծեր ներգրավելու համար։ Նա նշել է, որ փոփոխություններն միշտ էլ բարդ են, սակայն, հիմնվելով գերմանական փորձի վրա, Բեռլինը վստահ է դրանց ապագա արդյունքի վրա։
Երկու երկրների համագործակցությունը զարգանում է ամենատարբեր ուղղություններով. համագործակցում են համալսարաններն ու քաղաքները, Երևանում պատրաստվում է բացվել Գյոթեի ինստիտուտը, իսկ Գերմանիայում ստեղծվում են Tumo-ի նոր կենտրոններ, որտեղ երիտասարդները ստեղծագործական ձևաչափով ուսումնասիրում են ժամանակակից տեխնոլոգիաները։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի առաջին տասը ամիսներին Հայաստանի և Գերմանիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 386,5 միլիոն դոլար՝ նվազելով 4,1 %-ով նախորդ տարվա համեմատ։ Ընդ որում, Հայաստանից արտահանումն աճել է 80,6 %-ով և գերազանցել 93 միլիոն դոլարը, մինչդեռ Գերմանիայից ներմուծումը նվազել է 11,4 %-ով՝ կազմելով 327,9 միլիոն դոլար։