Yandex Go-ն այլեւս "սեւ արկղ" չէ ուղեւորների համար

Այժմ հավելվածը ցույց է տալիս, թե կոնկրետ ինչի համար եք վճարում, մինչեւ բարձրացնող գործակիցը

Yandex Go սերվիսում հայտնվել է ուղեւորության արժեքի մանրամասն վերծանումը։ Այժմ օգտատերերը կարող են տեսնել, թե ինչ բաղադրիչներից է ձեւավորվում վերջնական գինը, ներառյալ բարձր պահանջարկի ժամանակահատվածներում բարձրացնող գործակցի ճշգրիտ չափը։ Նորամուծությունը պետք է օգնի որոշում կայացնել՝ անմիջապես մեկնել, սպասել պահանջարկի նվազմանը, թե ընտրել տեղաշարժվելու այլ միջոց:

Գնի մանրամասնումը դարձել է Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքային խմբի աշխատանքի մի մասը։ Նախաձեռնությունն ուղղված է ծառայության թափանցիկության բարձրացմանը եւ ինչպես ուղեւորների, այնպես էլ փոխադրումների շուկայի մասնակիցների համար ավելի կանխատեսելի պայմանների ստեղծմանը:

Վերծանման մեջ ցուցադրվում են մեքենայի մատուցման արժեքը, բազային սակագինը՝ երթուղու րոպեների եւ կիլոմետրերի ընդհանուր գինը, ինչպես նաեւ մեքենաների պակասի դեպքում կիրառվող գործակիցը։ Առանձին ցուցադրվում է լրացուցիչ տարբերակների գինը, ներառյալ մանկական նստատեղը կամ կենդանիների փոխադրումը։ Մանրամասները տեսնելու համար բավական է սեղմել դրամի պատկերակին էկրանի վերին ձախ անկյունում՝ երթուղին եւ սակագինն ընտրելուց հետո: