Օքսֆորդի, Հարվարդի և Սթենֆորդի շրջանավարտները միավորվում են. Հայաստանում գործարկում են գլոբալ համայնք

Նոր հարթակը պետք է կապ հաստատի ամբողջ աշխարհի հայ մասնագետների միջև և ուժեղացնի երկրի մտավոր ներուժը

Հայաստանում գործարկվում է նոր համայնք, որը միավորում է աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին: Նախաձեռնությունը ստեղծվել է Հայաստանում Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի կողմից՝ համատեղ թոփ բուհերի հայ շրջանավարտների հետ և նպատակ ունի ձևավորելու ազդեցիկ, պրոֆեսիոնալ և վստահության վրա հիմնված համագործակցության հարթակ: Նախագիծը կոչված է համախմբելու արտերկրում կրթություն ստացած հայ մասնագետների կրթական և փորձագիտական ներուժը և այն ուղղելու երկրի զարգացմանը:

Նախաձեռնության պաշտոնական մեկնարկը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին. այդ օրը առաջին անգամ մեկ հարկի տակ կհավաքվեն համայնքի հիմնադիրները, մասնակիցները և հյուրերը: Նախագծի գլխավոր գործընկերն է «Ամերիաբանկ»-ը, նախաձեռնությանը միացել են նաև Ingo Armenia-ն և Boyden Armenia-ն: Միջոցառմանը կներկայացվեն հարթակի արժեքներն ու նպատակները, ապագա ծրագրերը, ինչպես նաև կրթական, մշակութային և բարեգործական գործունեության ուղղությունները:

Իրենց մասնակցությունն արդեն հաստատել են աշխարհի 12 առաջատար համալսարանների մոտ 50 շրջանավարտներ, այդ թվում՝ Օքսֆորդի, Հարվարդի, Սթենֆորդի, Քեմբրիջի, Լոնդոնի Իմպերիալ քոլեջի, Չիկագոյի և Կոլումբիայի համալսարանների, INSEAD-ի և Լոնդոնի բիզնես դպրոցի: Հիմնադիրներն ընդգծում են, որ համայնքը կդառնա կամուրջ Հայաստանի և ամբողջ աշխարհի հայ մասնագետների միջև՝ կենտրոնանալով գիտելիքների փոխանակման, մենթորության և կրթության, մշակույթի և սոցիալական աջակցության ոլորտներում բարեգործական նախաձեռնությունների մեկնարկի վրա: