Ucom ընկերությունն ամփոփեց 2025 թվականի արդյունքները՝ այն նշելով որպես թվային փոխակերպումների տեմպերով ամենահագեցածներից մեկը։ Օպերատորը հայտարարեց Հայաստանում 5G ցանցի ամենալայն ծածկույթի մասին, որն արդեն գործում է 48 քաղաքներում և ավելի քան 600 բնակավայրերում, առանցքային մայրուղիներում և սահմանային անցակետերում։ Արդյունքում՝ երկրի բնակչության 94,5%-ն է ստացել նոր սերնդի ցանցին միանալու հնարավորություն։
Տարվա ընթացքում Ucom-ն ամրապնդեց համագործակցությունը Nokia-ի, MediaKind-ի և Cerillion-ի հետ՝ հիմք դնելով հաճախորդների հեռակա սպասարկման գործում արհեստական բանականության լուծումների ներդրման, Uplay զվարճանքի TV և մեդիա հարթակի գործարկման և բիլինգային համակարգի թվային փոխակերպման համար։ Uplay հարթակն առաջարկում է ավելի քան 200 հեռուստաալիք և ֆիլմադարան, իսկ ծառայությունից կարելի է օգտվել միաժամանակ հինգ սարքերով մեկ հաշվից։
Զուգահեռաբար, ընկերությունը ընդլայնում էր ֆիքսված ցանցը. գերարագ ինտերնետը և հեռուստատեսությունը հասանելի դարձան Եղվարդում և Երևանի մի շարք շրջաններում։ 2025 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով ֆիքսված ինտերնետի բաժանորդային բազան աճել է 4,0%-ով, եկամուտները՝ 7,3%-ով, իսկ բջջային բաժանորդների թիվը հասել է 754 515-ի։ EBITDA-ն հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 13,813 մլրդ դրամ՝ 46% մարժայով, ինչը հաստատել է ընտրված ռազմավարության ֆինանսական կայունությունն ու արդյունավետությունը։