Ամերիաբանկն ամփոփել է "Իմ Ամերիան, իմ Հայաստանը" արշավի արդյունքները

Բանկը ներկայացրել է ժողովրդական քվեարկության արդյունքում ընտրված 15 նախագիծ

Ամերիաբանկը պատմել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության "Իմ Ամերիան, իմ Հայաստանը" արշավի շրջանակներում իրականացված նախագծերի մասին։ Նախաձեռնությունը մեկնարկել է անցյալ տարի և տասնյակ հազարավոր մարդկանց համախմբել բանկի սոցիալական ծրագրերում ներդրումների առաջնահերթ ուղղությունների ընտրության շուրջ։

Արշավի շրջանակներում հանրային քվեարկության էին դրվել 8 ուղղություններ՝ կրթությունից և մանկական առողջությունից մինչև ՏՏ, գիտություն, սպորտ և մշակույթ։ Հարցմանը մասնակցել է ավելի քան 55 000 մարդ, և ձայների քանակով առաջատար են դարձել մանկական առողջությունը՝ 54,9% արդյունքով, և կրթությունը՝ 19,5%։ Հենց այս ոլորտներին է որոշվել ուղղել Ամերիաբանկի 2025 թվականի ԿՍՊ և բարեգործության բյուջեից 100 միլիոն դրամ։

Ներկայացված ավելի քան 80 հայտերից ընտրվել է 15 նախագիծ։ Դրանք նախատեսում են աջակցություն քրոնիկ հիվանդություններով և զարգացման առանձնահատկություններով երեխաներին, դպրոցների կահավորում "խելացի" էկրաններով, մասնագիտացված մանկական շտապօգնության մեքենայի գնում, ինչպես նաև կիբերանվտանգության, արհեստական ինտելեկտի և մշակութային զարգացման վերաբերյալ ուսուցողական ծրագրերի անցկացում։