"Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ում հայտարարել են Երևանում և երկրի մարզերում նախատոնական և տոնական օրերին շուրջօրյա ուժեղացված հերթապահություն սահմանելու մասին։ Համապատասխան հանձնարարականը տվել է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ ընդգծելով բարձր բեռնվածության պայմաններում էներգահամակարգի կայուն աշխատանքն ապահովելու անհրաժեշտությունը։
Նրա խոսքով՝ օպերատիվ ծառայությունները կաշխատեն օրը 24 ժամ ռեժիմով՝ հնարավոր վթարներին և բաշխիչ ցանցում խափանումներին առավելագույնս արագ արձագանքելու համար։ Նման ձևաչափը թույլ կտա սեղմ ժամկետներում վերացնել անսարքությունները և օպերատիվորեն վերականգնել էլեկտրամատակարարումը ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի մարզերում։
Բացի այդ, տոների ժամանակ չեղարկվել են էլեկտրաէներգիայի բոլոր պլանային անջատումները։ Բացառություն է արվել միայն արտակարգ իրավիճակների հետ կապված դեպքերի համար։ Այս մասին Պետրոսյանը հայտնել է Facebook սոցիալական ցանցում՝ նշելով, որ այս օրերին ՀԷՑ-ի գլխավոր խնդիրն է անխափան էլեկտրամատակարարումը և սպառողների համար ցանկացած ռիսկի նվազագույնի հասցնելը։