"Հյուսիս-Հարավ" մայրուղին գրեթե պատրաստ է

Ամբողջ հատվածի արժեքը գնահատվում է մոտ 100 միլիոն դոլար

Ավարտական փուլում է «Հյուսիս-Հարավ» մայրուղու Աշտարակ-Թալին (Տրանշ-2) հատվածի կառուցումը։ 42 կիլոմետր երկարությամբ անցկացվել է հիմնական մայրուղին, ևս 20 կիլոմետրը կազմում են մուտքի ճանապարհները։ Նոր մայրուղին արդեն միացնում է տարածաշրջանի առանցքային կետերը՝ կրճատելով ճանապարհը և բարելավելով տրանսպորտային հասանելիությունը։

Ծրագրի շրջանակներում ճանապարհաշինարարները կառուցել են 9 հանգույց, 19 T-աձև խաչմերուկ, 4 կամուրջ և 10 հատուկ անցում անասունների և գյուղատնտեսական տեխնիկայի համար։ Այժմ ճանապարհով երթևեկությունը թույլ է տալիս շրջանցել Ագարակի հնագիտական հուշարձանը՝ պահպանելով մշակութային ժառանգությունը և միաժամանակ արագացնելով տրանսպորտային հոսքերը։

Ասֆալտը երկարակեցության համար տեղադրվել է երեք շերտով, իսկ ամբողջ հատվածի արժեքը գնահատվում է մոտ 100 միլիոն դոլար։ Ակնկալվում է, որ մայրուղու բացումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի տնտեսության զարգացման համար և կբարձրացնի վարորդների և տեղի բնակիչների տեղաշարժման հարմարավետությունը։