2025 թվականի արդյունքներով Հայաստանի 1000 խոշորագույն հարկ վճարողները պետական բյուջե են փոխանցել 1,95 տրլն դրամ, ինչը 173,5 մլրդ դրամով կամ գրեթե 10%-ով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Հարկային մարմինները հավաքագրել են 1,58 տրլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելացնելով հավաքագրումները 141 մլրդ դրամով, մաքսատուրքերը կազմել են 366,2 մլրդ դրամ՝ աճելով 32,5 մլրդ դրամով։
Խոշորագույն հարկ վճարողների առաջին տասնյակում են Mobile Center Art-ը (77,86 մլրդ դրամ), Grand Tobacco-ն (66,12 մլրդ դրամ), Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (52,16 մլրդ դրամ), Գազպրոմ Արմենիան (43,24 մլրդ դրամ), Արդշինբանկը (40,2 մլրդ դրամ), Ամերիաբանկը (29 մլրդ դրամ), Դիջիթեյնը (26,59 մլրդ դրամ), International Masis Tabak-ը (25,94 մլրդ դրամ), CPS Energy Group-ը (24,81 մլրդ դրամ) և Soft Construct-ը (23,78 մլրդ դրամ)։
Հետաքրքիր է, որ Զանգեզուրի կոմբինատը, որը վերջին չորս տարիներին առաջատարն էր 1000 խոշորագույն հարկ վճարողների շարքում, 2025 թվականի առաջին եռամսյակում դուրս էր մնացել լավագույն տասնյակից, իսկ երրորդ եռամսյակում կրկին մտել է առաջատար եռյակ։