Ucom-ն ամրապնդում է Երևանում Hero House-ի թվային ենթակառուցվածքը

Hero House-ը հարթակ է, որն ամրապնդում է կապը Հայաստանի և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համայնքների միջև

Ucom ընկերությունը շարունակում է համագործակցությունը Hero House Yerevan-ի հետ՝ ապահովելով հաբը կայուն ինտերնետ կապով և տեխնոլոգիական թիմերի աջակցությամբ։ Hero House-ն առանցքային հարթակ է ծառայում SmartGateVC-ի, Հայկական ստարտափ ակադեմիայի և այլ նորարարական նախաձեռնությունների համար՝ օգնելով ստարտափներին փորձարկել գաղափարները, կառուցել ընկերություններ և կապեր հաստատել մենթորների և ներդրողների հետ:

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով, տեխնոլոգիական ենթակառուցվածքի և հուսալի կապի զարգացումը ընկերության առաջնահերթությունն է, քանի որ դա հիմք է ստեղծում Հայաստանում նորարարությունների, հետազոտությունների և ինժեներական նախագծերի համար։ SmartGateVC-ի համահիմնադիր Աշոտ Արզումանյանը նշել է, որ Ucom-ի հետ համագործակցությունը նպաստում է երկարաժամկետ զարգացմանը և նորարարական միջավայրի անխափան գործունեությանը:

Hero House-ը, որը գտնվում է Սունդուկյան փողոց, 60 հասցեում, միավորում է ֆրիլանսերներին, ձեռներեցներին, ծրագրավորողներին, դիզայներներին և տեխնոլոգիական լրագրողներին՝ ստեղծելով տարածք համատեղ աշխատանքի, հասարակական միջոցառումների անցկացման և Հայաստանի և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համայնքների միջև կապերի ամրապնդման համար: