Հայաստանում կխստացվի ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող քաղաքացիների նկատմամբ հսկողությունը: Ազգային ժողովի հանձնաժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել կառավարության առաջարկած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններին:
Ինչպես պարզաբանել է ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը, ներկայումս վարորդական իրավունքի գործողության դադարեցումը տեղի է ունենում մի շարք հիմքերով՝ սեփականատիրոջ մահ, անգործունակության ճանաչում, դատական կարգով իրավունքից զրկում, ինչպես նաև հաստատված թմրամոլություն կամ հոգեկան խանգարումներ՝ բժշկական եզրակացության հիման վրա: Նոր մեխանիզմը թղթային տեղեկանքները կփոխարինի տվյալների ավտոմատ փոխանակմամբ:
Բժշկական սահմանափակումների մասին տեղեկատվությունը «Արմմեդ» համակարգից ուղղակիորեն կմուտքագրվի ՆԳՆ էլեկտրոնային ռեգիստր: Հենց որ բազայում հայտնվեն տրանսպորտային միջոց վարելու արգելքի մասին տեղեկություններ, վարելու իրավունքը ավտոմատ կերպով կդադարեցվի: Բազան կթարմացվի յուրաքանչյուր 6 ամիսը մեկ: Վերջին 4 տարում արձանագրվել է առանց իրավունքի մեքենա վարելու 2370 դեպք՝ տարեկան մոտ 600: