Ազգային ժողով է ներկայացվել «Հայաստանի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. փուլ 1» համաձայնագրի նախագիծը վավերացման համար։ Փաստաթուղթը նախատեսում է 70,4 միլիոն եվրո վարկի ներգրավում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից, ինչպես նաև 70 միլիոն եվրո Ֆրանսիական զարգացման գործակալությունից։ Լրացուցիչ ֆինանսավորում կապահովի պետական բյուջեն:
Նախաձեռնությունը նախատեսված է երկու փուլով։ Առաջինը կտևի հինգ տարի, նրա բյուջեն կկազմի մոտ 185 միլիոն դոլար։ Երկրորդ փուլը գնահատվում է մոտ 250 միլիոն դոլար։ Միջոցները կուղղվեն ջրատար խողովակների արդիականացմանը, ոռոգման համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմանը և ոլորտում կառուցվածքային բարեփոխումներին։ Ծրագրում ջրամբարների կառուցումն ու վերակառուցումը ներառված չեն:
Առանձին նախատեսված է մոտ 25 միլիոն դոլարի ներդրում գյուղական համայնքների համար, որտեղ նախատեսվում է տեղական ենթակառուցվածքների թարմացում և ջրամատակարարման որակի բարձրացում: