Բարսելոնայում անցկացվող Mobile World Congress 2026 ցուցահանդեսում հայկական տեխնոլոգիական ընկերությունները ներկայացնում են իրենց մշակումները և նորարարական լուծումները:
«Հայաստան» ազգային տաղավարում 15 ընկերություն ցուցադրում է կապի տեխնոլոգիաներ, արհեստական բանականության ոլորտի նախագծեր և այլ IT նորույթներ՝ զուգահեռաբար կապեր հաստատելով միջազգային գործընկերների հետ:
Հատուկ ուշադրություն է դարձվել պետական նախաձեռնություններին. ներկայացված են Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերը, «Հայաստանի ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը, «Ինժեներական քաղաք» նախագիծը, ինչպես նաև NVIDIA-ի և Firebird-ի հետ համատեղ նախագծերը, ներառյալ AI տվյալների կենտրոնը՝ 500 միլիոն դոլար մեկնարկային կապիտալով:
Պատվիրակությունը գլխավորում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը։ Ցուցահանդեսի ընթացքում նախատեսված են երկկողմ և բազմակողմ հանդիպումներ, ոլորտային սեմինարներ և քննարկումներ, որոնք պետք է նպաստեն հայկական ընկերությունների արտահանման ներուժի ընդլայնմանը և ներդրումների ներգրավմանը: