Հայաստանում գրանցվել է հեռախոսային խարդախության նոր ալիք, ինչի մասին զգուշացրել է Ucom օպերատորը։ Խարդախները ակտիվորեն օգտագործում են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան համարները, ինչպես նաեւ հաղորդագրություններ են ուղարկում WhatsApp-ի, Telegram-ի եւ Viber-ի միջոցով՝ փորձելով կապ հաստատել պոտենցիալ զոհերի հետ։
Հաճախ նրանք ներկայանում են որպես բանկերի, կապի օպերատորների, առաքման ծառայությունների կամ պետական մարմինների աշխատակիցներ։ Տարբեր պատրվակներով խարդախները փորձում են օգտատերերից կորզել գաղտնի տվյալներ՝ SMS-ներից կոդեր, բանկային քարտերի տվյալներ կամ հավելվածների մուտք։ Երբեմն զոհերին համոզում են անցնել հղումով կամ տեղադրել «օգտակար» ծրագրային ապահովում, օրինակ, ենթադրաբար 5G միացնելու կամ անվճար ծառայություններ ստանալու համար։
Նման հարձակումները զարգանում են արագորեն. հաշված րոպեների ընթացքում խարդախները կարող են վերահսկողություն ստանալ սարքի, հաշիվների եւ անձնական նամակագրության վրա։ Ucom-ը խստորեն խորհուրդ է տալիս ոչ մեկին չհայտնել կոդերն ու գաղտնաբառերը, անտեսել կասկածելի զանգերը եւ չբացել կասկածելի հղումները՝ տվյալների եւ գումարի կորուստից խուսափելու համար։