Wizz Air-ը ընդլայնում է Երևանից չվերթների ցանցը. Եվրոպայում երկու նոր ուղղություն

Բացի նոր ուղղություններից, Wizz Air-ն ավելացնում է թռիչքների քանակը

Ցածր գնով ավիաընկերություն Wizz Air-ը Երևանից մեկնարկում է երկու նոր կանոնավոր երթուղի՝ դեպի Էյնդհովեն (Նիդերլանդներ) և Բրյուսել (Բելգիա): Էյնդհովեն չվերթները կմեկնարկեն հոկտեմբերին՝ շաբաթը երեք անգամ հաճախականությամբ, իսկ Բրյուսել թռիչքները կսկսվեն 2027 թվականի փետրվարին՝ նույն պարբերականությամբ: Ապագայում նախատեսվում է ավելացնել չվերթների հաճախականությունը, նշել են ընկերությունում:

Բացի նոր ուղղություններից, Wizz Air-ն ավելացնում է թռիչքների քանակն արդեն իսկ գոյություն ունեցող երթուղիներով. դեպի Բուդապեշտ՝ շաբաթը երկու անգամից չորս, դեպի Փարիզ՝ երեքից հինգ, դեպի Ֆրանկֆուրտ՝ երկուսից երեք, դեպի Պրահա՝ շաբաթը մինչև չորս անգամ: Ընդլայնումը գործելու է ամբողջ տարին, այլ ոչ միայն արձակուրդների սեզոնին:

Աճող ցանցին սպասարկելու համար ավիաընկերությունը կավելացնի Երևանում տեղակայված ինքնաթիռների քանակը՝ երկուսից հասցնելով երեքի: Wizz Air-ի գլխավոր կոմերցիոն տնօրեն Յան Մալինը ընդգծել է, որ դա թույլ կտա ամրապնդել փոխադրողի դիրքերը հայկական շուկայում և ուղևորներին ապահովել Եվրոպայով մեկ ճանապարհորդելու ավելի շատ հնարավորություններ: