"Բուշեր" ԱԷԿ-ի 175 աշխատակիցներ Հայաստանի միջոցով վերադարձել են Իրանից

Ռուսաստան վերադարձածների ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 500-ը

«Բուշեր» ԱԷԿ-ում աշխատող ռուս մասնագետների հերթական խումբը հայրենիք է վերադարձել Հայաստանի տարածքով։ ՌԴ դեսպանության տվյալներով՝ ապրիլի 6-ին 175 մարդ հատել է սահմանը «Նուրդուզ»-«Ագարակ» անցակետով, որից հետո նրանք տեղափոխվել են Երևան և հատուկ չվերթով մեկնել Մոսկվա։

Տարհանումն իրականացվում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի սրման ֆոնին։ Դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ գործողությունը կազմակերպվել է ռուսական և հայկական ծառայությունների համակարգմամբ, ինչը հնարավորություն է տվել օպերատիվ կերպով ապահովել քաղաքացիների վերադարձի անվտանգ երթուղին։

Վերջին խմբի հետ միասին Իրանից Հայաստանի տարածքով հեռացած ռուսաստանցիների ընդհանուր թիվը հասել է 509-ի։ Խոսքը հիմնականում ատոմային էլեկտրակայանի նախագծում ներգրավված մասնագետների, ինչպես նաև տարածաշրջանը լքելու որոշում կայացրած այլ քաղաքացիների մասին է։