Հայաստանի արդյունաբերությունը կտրուկ աճ է գրանցում 2026 թվականի սկզբին. հունվար-փետրվար ամիսներին արտադրության ծավալն աճել է 17,2%-ով և կազմել մոտ 1,3 միլիարդ դոլար: Հիմնական ներդրումն ապահովել է մշակող արդյունաբերությունը, որն ավելացել է 14,5%-ով, ինչպես նաև հանքարդյունաբերական հատվածը, որտեղ աճը կազմել է տպավորիչ 42,6%:
Բացարձակ առաջատար է դարձել քիմիական արդյունաբերությունը, որը գրանցել է գրեթե 3 անգամ աճ (+190%): Մեծ աճ է գրանցվել նաև մետալուրգիայում (+46,9%) և մետաղական հանքանյութերի արդյունահանման ոլորտում (+45,6%): Զուգահեռաբար աճում են խմիչքների (+18,4%) և հագուստի (+17,6%) արտադրությունները, ինչը խոսում է ինչպես հումքային, այնպես էլ սպառողական հատվածների ընդլայնման մասին:
Ընդ որում, ոչ բոլոր ճյուղերն են ցուցադրում միանման դինամիկա: Սննդի արդյունաբերությունն աճել է ընդամենը 1,1%-ով, ծխախոտի արդյունաբերությունը՝ 2,5%-ով: Փոխարենը, ոսկերչական իրերի արտադրությունն աճել է միանգամից 55%-ով՝ գերազանցելով 15 միլիոն դոլարի նշագիծը, ինչը մատնանշում է պրեմիում հատվածում պահանջարկի և արտահանման ակտիվության աշխուժացումը: