Armenian Card վճարային համակարգը հայտնել է ապրիլի 8-ի առավոտյան գրանցված տեխնիկական խափանումների մասին։ Ընկերության տվյալներով՝ ժամը 05:03-ից մինչև 06:30-ը իրականացվել է պլանային թարմացում, որն ուղղված է ենթակառուցվածքի անվտանգության և կայունության բարձրացմանը։
Այնուամենայնիվ, աշխատանքների ավարտից հետո՝ ժամը 07:30-ից մինչև 09:15-ն ընկած ժամանակահատվածում, խնդիրներ են առաջացել քարտերի նույնականացման համակարգում։ Արդյունքում, գործարքների մի մասը չի կարողացել հաստատվել, ինչն ազդել է օգտատերերի վճարումների և գործողությունների իրականացման վրա։
Ընկերությունում պարզաբանել են, որ խափանումը ժամանակավոր բնույթ է կրել և արդեն վերացվել է։ Ներկա պահին համակարգի աշխատանքը լիովին վերականգնվել է, բոլոր ծառայություններն աշխատում են բնականոն ռեժիմով։