Հայաստանը 321 մլն դրամ կհատկացնի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) հետ համաձայնագիր կնքելու և ոլորտային գերատեսչության բարեփոխման համար։ Այդ մասին կառավարության նիստում հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Իրավական փոփոխություններն ընդունելուց հետո Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կվերակազմավորվի։ Ակնկալվում է, որ կառույցը կդառնա ավելի ինքնուրույն, իսկ նոր նորմերը թույլ կտան աշխատանքում ներգրավել օտարերկրյա փորձագետների և գործընկերների՝ օգտագործելով նրանց գործնական փորձը ոլորտի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նման քայլերը վաղուց հասունացել էին։ Նա ընդգծել է, որ ժամանակակից ավիացիոն համակարգերի ոլորտում առկա է կարողությունների պակաս, որը անհրաժեշտ է լրացնել, այդ թվում՝ ոչ ստանդարտ լուծումների և դրսից մասնագետների ներգրավման հաշվին՝ Կոմիտեի աշխատանքի արդիականացման համար։