Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է «Կիբերանվտանգությունը որպես ազգային առաջնահերթություն» պանելային քննարկմանը՝ RISE Powered by Silicon Mountains համաժողովի շրջանակներում, որը համախմբել էր տեխնոլոգիական ընկերությունների, պետական կառույցների և մասնագիտական համայնքի ներկայացուցիչներին։
Ելույթի ընթացքում Յիրիկյանն ընդգծել է, որ թվային դարաշրջանում մրցակցային առավելությունը որոշվում է ոչ միայն նորարարություններով, այլև անվտանգությամբ։ Նա նշել է, որ կիբերպաշտպանությունը դառնում է բիզնեսի կայունության և հաճախորդների վստահության անբաժանելի մասը, իսկ թվային տնտեսության զարգացումն անհնար է առանց հուսալի հեռահաղորդակցական ենթակառուցվածքի։
UEICT-ի գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանն ավելացրել է, որ RISE նախաձեռնությունն առաջին անգամ մեկ հարթակում է միավորում գիտությունը, ճարտարագիտությունը, նորարարությունները և պաշտպանական արդյունաբերությունը՝ գաղափարները վերածելով գործնական տեխնոլոգիաների և հնարավորություններ ստեղծելով Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացման համար։