Ֆրանսիական Thales-ը և հայկական BooTech-ը հայտարարել են ռազմավարական համագործակցության մասին

Ծրագիրը կնպաստի տեխնոլոգիական փոխանակման ամրապնդմանը

Ֆրանսիական օդատիեզերական Thales ընկերությունը և հայկական տեխնոլոգիական BooTech ընկերությունը ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր։

Այս մասին հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Փարիզում Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսի շրջանակներում։

Նախարարի խոսքով՝ ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկի հետ փոխգործակցությունը դիտարկվում է որպես կարևոր ազդանշան Հայաստանի բարձր տեխնոլոգիական և պաշտպանական ոլորտի զարգացման համար։ Նա նշել է, որ հայկական ընկերություններն աստիճանաբար զարգացնում են բարդ համակարգերի մշակման, տեխնոլոգիաների ինտեգրման և միջազգային ստանդարտներին համապատասխանելու կարողությունները։

Հայրապետյանը նաև ընդգծել է, որ նոր գործընկերությունը դարձել է Երևանում ավելի վաղ ստորագրված՝ Հայաստանի և Ֆրանսիայի համապատասխան գերատեսչությունների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին փաստաթղթի շարունակությունը։

Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի բարձր որակավորում ունեցող աշխատատեղերի ստեղծմանը, տեխնոլոգիական փոխանակման ամրապնդմանը և երկրների միջև փոխգործակցության խորացմանը։