Перейти к содержанию

Buddha-Bar-ը գալիս է Հայաստան

Երևանի կենտրոնում կբացվեն հայտնի ռեստորանն ու հյուրանոցը

Մինչև 2027 թվականի վերջը Երևանի կենտրոնում կբացվեն Buddha-Bar Hotel-ը և Հայաստանում Buddha-Bar համաշխարհային հայտնի ցանցի առաջին ռեստորանը։ Ծրագիրն իրականացնում է «Եվրոպա հյուրանոց» ընկերությունը՝ Enterprise Armenia-ի աջակցությամբ։

Ծրագրի շրջանակներում կիրականացվի Անրապետության փողոցի 38 հասցեում գտնվող գործող «Եվրոպա» հյուրանոցի լայնածավալ վերակառուցում։ Աշխատանքների ավարտից հետո հյուրանոցը կփոխի իր բրենդը և կսկսի գործել Buddha-Bar Hotel ապրանքանիշի ներքո։ Նույն շենքում կբացվի Buddha-Bar ռեստորանը, որը կդառնա ցանցի 26-րդ հաստատությունը աշխարհում։

Buddha-Bar ռեստորաններն արդեն գործում են Փարիզում, Մոնակոյում, Դուբայում, Միկոնոսում, Սանտորինիում, Պրահայում, Չեռնոգորիայում, Կարակասում և այլ քաղաքներում։ Բրենդը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել հեղինակային խոհանոցի, մթնոլորտային ինտերիերի, ակումբային կոնցեպտի և ֆիրմային երաժշտության համադրության շնորհիվ։

Առաջին Buddha-Bar-ը բացվել է Փարիզում 1996 թվականին։ Անցած տարիների ընթացքում բրենդի երաժշտական հավաքածուները համաշխարհային ճանաչում են ձեռք բերել. ամեն տարի վաճառվում է մոտ 2,5 միլիոն ալբոմ։