Հայկական ծագումով ձեռնարկատեր Garo Armen-ի կողմից հիմնադրված ամերիկյան կենսատեխնոլոգիական Agenus ընկերությունը մինչև $340 մլն ֆինանսավորում է ստացել ROBBIN III փուլի միջազգային կլինիկական հետազոտություն սկսելու համար։
Միջոցները կուղղվեն երկու դեղամիջոցների՝ botensilimab (BOT) և balstilimab (BAL) համակցության ուսումնասիրությանը միկրոսատելիտ-կայուն (MSS) կոլոռեկտալ քաղցկեղի բուժման համար։ Հիվանդության այս ձևը ամենատարածվածն է աղիքի քաղցկեղի դեպքերի շրջանում, սակայն մինչ օրս վատ է արձագանքում իմունոթերապիայի ժամանակակից մեթոդներին։
Ֆինանսական գործարքը նախատեսում է անմիջապես $85 մլն ստանալ և ևս մինչև $255 մլն՝ վարանտների իրականացման միջոցով։ Ֆինանսավորման ամբողջ ծավալի դեպքում Agenus-ը հույս ունի ապահովել հետազոտության և ընկերության աշխատանքը մինչև 2031 թվականի վերջը։
ROBBIN փորձարկմանը կմասնակցեն մոտ 850 հիվանդներ տարբեր երկրներից։ Առաջին մասնակիցները պետք է ընդգրկվեն ծրագրում արդեն 2027 թվականի առաջին եռամսյակում։
Garo Armen-ը քաղցկեղի իմունոթերապիայի ուղղությունը զարգացնում է ավելի քան 30 տարի։ Երբ Agenus-ը ստեղծվեց, ուռուցքաբանական հիվանդությունների բուժման հիմնական մեթոդը մնում էր քիմիաթերապիան, իսկ իմունային համակարգի օգտագործումը ուռուցքների դեմ համարվում էր փորձարարական մոտեցում։ Այսօր իմունոթերապիան դարձել է ժամանակակից ուռուցքաբանության առանցքային ուղղություններից մեկը։
BOT/BAL համակցությունը նախկինում խոստումնալից արդյունքներ է ցույց տվել NEST և UNICORN հետազոտություններում։ Agenus-ի տվյալներով՝ հիվանդների մոտ 60-70%-ի մոտ դիտվել է պաթոլոգիական արձագանք բուժմանը, իսկ ամբողջական պաթոլոգիական արձագանք գրանցվել է մասնակիցների մոտ մեկ երրորդի մոտ։ Այս արդյունքները թույլ են տվել անցնել լայնածավալ միջազգային հետազոտության։