Wizz Air-ը չորրորդ ինքնաթիռը կտեղակայի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Ինչպես հայտնել է ավիաընկերության գլխավոր առևտրային տնօրեն Յան Մալինը, լրացուցիչ ինքնաթիռը թույլ կտա միանգամից երեք նոր միջազգային ուղղություն բացել Հայաստանի մայրաքաղաքից։
Դեկտեմբերի 18-ից Wizz Air-ը կսկսի թռիչքներ իրականացնել Երևանից Բազել շաբաթական երեք անգամ։ Արդեն դեկտեմբերի 19-ից կմեկնարկեն չվերթները դեպի Վալենսիա։ Մեկ այլ նոր ուղղություն կլինի Վառնան. բուլղարական քաղաք թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ սկսած 2027 թվականի հունիսի 6-ից։
Բազայի ընդլայնումը թույլ կտա ավիաընկերությանը մեծացնել Հայաստանից հասանելի երթուղիների թիվը և ամրապնդել Երևանի դիրքերը որպես տարածաշրջանային ավիացիոն հանգույց։ Նոր չվերթները հայկական մայրաքաղաքը կկապեն միանգամից երեք հայտնի եվրոպական ուղղությունների հետ։