Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և AI նախարար Դավիթ Թադևոսյանը և Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը քննարկել են հայկական տեխնոլոգիական ընկերությունների միջազգային շուկաներում ներկայության ընդլայնումը։ Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին, իսկ հիմնական թեմաներից էին արհեստական ինտելեկտի և բարձր տեխնոլոգիաների զարգացումը, ստարտափների միջազգային էքսպանսիան, մասնագետների պատրաստումը և ներդրումների ներգրավումը։
Կողմերն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել Հայաստանում մշակված տեխնոլոգիաների, գիտելիքների և մասնագիտական կարողությունների առաջխաղացմանը արտերկրում։ Քննարկվել է նաև պետության, բիզնեսի և գիտակրթական ոլորտի ավելի սերտ համագործակցությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են BigStory VC վենչուրային հիմնադրամի գործունեությանը, որը ստեղծվել է Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանի և Արտավազդ Մինասյանի, ինչպես նաև Podcastle AI-ի հիմնադիր Արտո Երիցյանի մասնակցությամբ։ Հիմնադրամը կենտրոնացած է հայկական ծագում ունեցող ստարտափներում ներդրումների վրա։
Մինասյանը ներկայացրել է նաև Krisp-ի վերջին մշակումները, որը նշել է հիմնադրման իններորդ տարեդարձը։ Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ընկերությունը շարունակել է զարգացնել ձայնային AI տեխնոլոգիաները, իսկ Հայաստանում ստեղծված մոդելներն օգտագործվում են AI արդյունաբերության խոշոր խաղացողների կողմից։ Բացի այդ, Krisp-ը մշակում է ձայնային թարգմանության համակարգ, որն աջակցում է 62 լեզուների, և աշխատում է արհեստական ինտելեկտի ոլորտում նոր լուծումների վրա։