Auto Gallery-ն Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկություններին առաջարկում է համալիր լուծումներ՝ հիմնված CATL էներգիայի կուտակման համակարգերի վրա։
Ինչպես հայտնել է ընկերության ղեկավար Գևորգ Գևորգյանը, առաջարկը ներառում է էներգետիկ ենթակառուցվածքի ստեղծում, տեխնիկայի մատակարարում, դրա սպասարկում և ֆինանսավորման հատուկ գործիքներ։
Համագործակցության առանձին ուղղություն կապված է մարտկոցների հետ. ընկերությունը նախատեսում է մատուցել դրանց սպասարկման, շահագործման ժամկետի երկարացման և հետագա վերամշակման ծառայություններ։ Գևորգյանի խոսքով՝ CATL-ի հետ համագործակցությունը կօգնի լուծել մարտկոցների երկարատև օգտագործման և դրանց շահագործման ժամկետի ավարտից հետո վերամշակման հետ կապված խնդիրները։
Auto Gallery-ն դիտարկում է էլեկտրական բեռնատար տրանսպորտի և էներգիայի կուտակիչների համատեղ կիրառումը որպես հանքարդյունաբերական ձեռնարկությունների արդիականացման մաս։ Նման մոտեցումը ենթադրում է տեխնիկայի, էներգետիկ լուծումների և սպասարկման աջակցության միավորումը մեկ համակարգում։