Հայկական ArMath ինժեներական ծրագիրը բացել է 18-րդ լաբորատորիան արտերկրում՝ այս անգամ Իրաքում

Նոր կրթական կենտրոնն իր աշխատանքն է սկսել Իրաքյան Քրդստանում՝ տեղի ուսուցիչների համար ծրագրավորման և ռոբոտաշինության վերապատրաստումից հետո

Իրաքյան Քրդստանի Ռանյա քաղաքում հոկտեմբերի 22-ին բացվել է ArMath ինժեներական լաբորատորիա: Այն դարձել է Հայաստանում մշակված ծրագրի 18-րդ արտերկրյա կրթական կենտրոնը: Նախագիծն իրականացվել է Ռապարինի տարածաշրջանային զարգացման գործակալության (RRDA) հետ համատեղ՝ Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության աջակցությամբ:

Բացման արարողությանը մասնակցել են Իրաքում Հայաստանի դեսպան Ռուբեն Սողոյանը, Էրբիլում գլխավոր հյուպատոսի պաշտոնակատար Ռաֆայել Մովսիսյանը, Քրդստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանին և ArMath ծրագրի ներկայացուցիչները: Լաբորատորիայի գործարկումից առաջ տեղի ուսուցիչները մեկշաբաթյա տեսական և գործնական դասընթաց են անցել ծրագրավորման և ռոբոտաշինության ոլորտում՝ հրահանգիչ Արմեն Մխոյանի ղեկավարությամբ:

Նկարի աղբյուրը: arkatelecom

ArMath ծրագիրը մշակվել է Հայաստանում՝ բնական գիտությունների, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) ոլորտում կրթության զարգացման համար: Դրա միջազգային ընդլայնումն ուղղված է ինժեներական կրթության հայկական մոդելի տարածմանը և այնպիսի մասնագետների պատրաստմանը, ովքեր ունակ են ոչ միայն կիրառել ժամանակակից տեխնոլոգիաները, այլև ստեղծել սեփական լուծումները: