Հայաստանը հնարավոր է համարում մինչև 1200 ՄՎտ հզորությամբ ավանդական ԱԷԿ-ի կառուցումը

Կառավարությունն ընդլայնել է դիտարկվող տեխնոլոգիաների ցանկը էներգասպառման աճի ֆոնին:

Հայաստանը վերանայում է նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման մոտեցումը։ Փոքր մոդուլային ռեակտորներից բացի, իշխանություններն ուսումնասիրում են 1000–1200 ՄՎտ դրվածքային հզորությամբ ավանդական տեխնոլոգիաների հիման վրա կայանի կառուցման հնարավորությունը։ Այս մասին խորհրդարանում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարի խոսքով՝ տեխնոլոգիայի վերջնական ընտրությունը առաջին հերթին կախված կլինի կառուցման արժեքից և նրանից, թե նախագիծն ինչքանով կազդի էլեկտրաէներգիայի սակագների վրա։ Մոտ մեկ-մեկուկես տարի առաջ Հայաստանը հիմնականում կողմնորոշվում էր դեպի փոքր մոդուլային ռեակտորները՝ հաշվի առնելով այդ տեխնոլոգիայի նորարարությունը և ազգային էներգահամակարգի կարիքները։ Այժմ կառավարությունը դիտարկում է նաև առավել ավանդական տարբերակը։

Նկարի աղբյուրը: arka.am

Ընտրության ընդլայնման պատճառներից մեկն են դարձել երկրում արհեստական բանականության ոլորտում խոշոր նախագծերի իրականացման հեռանկարները, որոնց համար կարող են պահանջվել էլեկտրաէներգիայի զգալի ծավալներ։ Զուգահեռաբար շարունակվում է փոքր մոդուլային ռեակտորների կիրառման հնարավորությունների ուսումնասիրությունը։ 2027 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսված է շուրջ 800 մլն դրամ նոր ատոմային էներգաբլոկի ընտրության համար պատասխանատու կառույցի պահպանման և հարակից ծախսերի համար։