«ARKA»-ի ղեկավարը նախազգուշացրել է ԱԲ-ի կողմից պրոֆեսիոնալ լրագրությանը սպառնացող վտանգի մասին

Կոնստանտին Պետրոսովը ելույթ է ունեցել III Ռուս-հայկական մեդիաֆորումում և խոսել նորությունների հանդեպ վստահության անկման, խմբագրությունների ֆինանսավորման խնդիրների ու արհեստական բանականության զարգացման հետ կապված ռիսկերի մասին

«ARKA» լրատվական գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը հայտարարել է, որ ժամանակակից լրագրության համար գլխավոր սպառնալիքը ոչ այնքան արհեստական բանականության կողմից աշխատակիցների հնարավոր փոխարինումն է, որքան պրոֆեսիոնալ խմբագրությունների տնտեսական կայունության թուլացումը: Այս մասին նա հայտնել է Հայ-Ռուսական համալսարանում անցկացվող III Ռուս-հայկական մեդիաֆորումի ընթացքում: Նրա խոսքով՝ որակյալ տեղեկատվության հանդեպ հասարակության պահանջարկն աճում է, սակայն ԶԼՄ-ների՝ լրագրողների աշխատանքը ֆինանսավորելու հնարավորությունները նվազում են՝ չնայած տեխնոլոգիաների շնորհիվ նորությունների տարածման արագացմանը:

Որպես խնդիրներից մեկը Պետրոսովը նշել է ԱԲ-ի և լրատվական ագրեգատորների զարգացումը, որոնք օգտագործում են խմբագրությունների նյութերը՝ թուլացնելով լսարանի հետ նրանց անմիջական տնտեսական կապը: Միևնույն ժամանակ, վերլուծական հրապարակումները պահանջում են զգալի ժամանակային և ֆինանսական ծախսեր, սակայն հաճախ ավելի քիչ դիտումներ են հավաքում, քան ժամանցային ու էմոցիոնալ բովանդակությունը: Լրացուցիչ մարտահրավեր է դառնում նորությունների նկատմամբ վստահության անկումը. նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ համաշխարհային ցուցանիշն իջել է մինչև 37%: Այս պայմաններում ԶԼՄ-ներին անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել ստուգված տեղեկատվությանը, վերլուծությանը և բարդ իրադարձությունների բացատրությանը:

Նկարի աղբյուրը: arkanewsagency

Ապագայի առանցքային մասնագիտական հմտությունների շարքում ARKA-ի ղեկավարն առանձնացրել է փաստերի ստուգումը, սկզբնաղբյուրների հետ աշխատանքը, խոր մասնագիտացումը և առօրյա առաջադրանքները կատարելու համար արհեստական բանականության պատասխանատու կիրառումը: Պետրոսովի կարծիքով՝ տեխնոլոգիաները կարող են սովորել արագ վերաշարադրել հրապարակված նյութերը, սակայն տեղեկատվության հավաքագրումը, դրա ստուգումն ու հավաստիության պատասխանատվությունը կմնան պրոֆեսիոնալ լրագրողների խնդիրը: «Մենք կարող ենք սովորեցնել ԱԲ-ին վերապատմել նորությունները: Բայց մենք դեռ պետք է պահպանենք նրանց, ովքեր այդ նորությունները կհայթայթեն, կստուգեն և պատասխանատվություն կկրեն դրանց համար», — ընդգծել է նա: