Հայաստանին կոչ են արել մշակել կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման ռազմավարություն

SEMI միջազգային ասոցիացիայի ղեկավարն առաջարկել է ներգրավել համաշխարհային արտադրողների և տեղական ստարտափներն ինտեգրել գլոբալ տեխնոլոգիական շղթաներում:

SEMI միջազգային ասոցիացիայի նախագահ և գործադիր տնօրեն Աջիտ Մանոչան Հայաստանին առաջարկել է մշակել կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման համապարփակ ռազմավարություն: Այս հարցը նա քննարկել է հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի հետ՝ Գերմանիա նրա աշխատանքային այցի ընթացքում: Մանոչան ներկայացրել է կիսահաղորդիչների համաշխարհային շուկայի հիմնական միտումները և ընդգծել ոլորտի ռազմավարական դերը գլոբալ տնտեսության ու տեխնոլոգիական առաջընթացի համար:

Հեռանկարային ուղղությունները որոշելու համար նա առաջարկել է անցկացնել երկօրյա ռազմավարական քննարկում՝ միջազգային փորձագետների, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների և հայկական ոլորտային էկոհամակարգի մասնակցությամբ: Կողմերը դիտարկել են երկրի արդեն իսկ առկա կարողությունների զարգացման, ինչպես նաև նոր ուղղությունների յուրացման հնարավորությունները, ներառյալ խելացի բժշկական տեխնոլոգիաները, ֆոտոնիկան և կիսահաղորդչային բաղադրիչների փաթեթավորումը: Առանձին քննարկվել է միջազգային գործընկերների ներգրավումը և նրանց փորձի կիրառումը՝ արտադրական ու գիտական ամբողջ բազան զրոյից ստեղծելու փոխարեն:

Նկարի աղբյուրը: arkatelecom

Հավանական գործընկերների թվում նշվել են STMicroelectronics-ը, Infineon-ը և շուկայի այլ խոշոր խաղացողներ: Կողմերը քննարկել են նաև հայկական ստարտափների ինտեգրումը կիսահաղորդչային արտադրանքի արժեշղթաներում: Եվս մեկ թեմա է դարձել էներգետիկ ենթակառուցվածքը և տվյալների մշակման կենտրոնների երկարաժամկետ էլեկտրամատակարարման ապահովումը, որոնց զարգացումը դիտարկվում է որպես Հայաստանի տեխնոլոգիական ներուժի կարևոր բաղադրիչ: