ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչ Նադեր Իբրահիմը բարձր է գնահատել այն կապի որակը, որը Team Telecom Armenia-ն ապահովել է Հայաստանում Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) ընթացքում: Նրա խոսքով՝ ենթակառուցվածքն աշխատել է այնքան արդյունավետ, որ կազմակերպիչները ոչ մի բողոք չեն ստացել՝ չնայած մասնակիցների մեծ թվին: Իբրահիմը կապի որակն անվանել է լավագույններից մեկը նմանատիպ միջոցառումների ողջ պատմության ընթացքում՝ առանձնահատուկ նշելով ցանցի աշխատանքը հիմնական կոնֆերանս-դահլիճներում:
Միջոցառման նախապատրաստական աշխատանքները տևել են մի քանի ամիս և ներառել հեռահաղորդակցական ենթակառուցվածքի նախագծումը, կառուցումն ու կարգավորումը: Ընկերությունն անցկացրել է մոտ 75 000 մետր մալուխ և կազմակերպել ցանց, որին միաժամանակ միացել է մոտ 6500 օգտատեր: Աշխատանքներն ընդգրկել են համաժողովի երկու հիմնական հարթակները՝ Կապույտ և Կանաչ գոտիները, որոնք տեղակայված են եղել «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ընդհանուր առմամբ, Team Telecom Armenia-ի ենթակառուցվածքն ապահովել է կապ COP17-ի մոտ 15 000 մասնակցի համար, ներառյալ միջազգային պատվիրակությունների ներկայացուցիչները և կազմակերպիչները: Ընկերությունը հանդես է եկել որպես համաժողովի տեխնոլոգիական գործընկեր՝ տրամադրելով անհրաժեշտ հեռահաղորդակցական հզորություններ միջազգային մասշտաբի միջոցառում անցկացնելու համար: ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ կատարված նախապատրաստական աշխատանքը լիովին արդարացրել է իրեն և թույլ է տվել ապահովել անխափան կապ նույնիսկ օգտատերերի բարձր խտության պայմաններում: