Ամերիկյան Firebird ԱԲ ամպային ընկերությունը և Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE) Հրազդանում կիրառական արհեստական բանականության կրթական կենտրոն կկառուցեն: Firebird x UATE AI Hub-ը բաց կլինի բոլորի համար՝ դպրոցականների, ուսանողների, ուսուցիչների, մասնագետների և սկսնակ թիմերի: Շինարարությունը կմեկնարկի 2027 թվականին:
Հաբը կհայտնվի ԱՊՀ-ում խոշորագույն ԱԲ գործարանի հարևանությամբ, որը Firebird-ը գործարկել է Հրազդանում օգոստոսին: Գաղափարը պարզ է՝ եթե քաղաքում արդեն առկա են NVIDIA-ի հազարավոր GPU-ներ, տեղի երիտասարդությանը պետք է մի վայր, որտեղ կսովորեցնեն աշխատել դրանց հետ:
Գործընկերությունը ներկայացվել է նոյեմբերի 23-ին Երևանում՝ DigiTec 2026-ի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Այս տարի համաժողովն անցկացվում է «Աշխարհի նոր ԱԲ հաբ» կարգախոսի ներքո: Բեմ են բարձրացել Firebird-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը, Firebird-ի համահիմնադիր և նախագահ Ալեքսանդր Եսայանը, UATE-ի գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը և Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի գործադիր տնօրեն Նարեկ Ասլիկյանը:
Firebird-ը հանդես է գալիս որպես ռազմավարական հիմնադիր-գործընկեր, իսկ UATE-ն կղեկավարի հաբը՝ համակարգելով կրթական ծրագրերը և ներգրավելով նոր գործընկերների: Նախագիծ յուրաքանչյուր կողմ բերում է իր ներդրումը. Firebird-ի դեպքում դա տեխնոլոգիական փորձագիտությունն է և միջազգային կապերը, UATE-ի դեպքում՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը և 300 անդամ-ընկերություններից ու կրթական գործընկերներից կազմված համայնքը:
Firebird-ը UATE-ին որպես ռազմավարական անդամ միացել էր դեռ ամռանը: Ալեքսանդր Եսայանն այն ժամանակ պատմել էր, որ մեգանախագծի շուրջ առաջին քննարկումները և հիմնադիրների ծանոթությունը տեղի են ունեցել 2024 թվականին WCIT-DigiTec համաժողովում, որը կազմակերպում է UATE-ն: Ինքը՝ Եսայանը, միության խորհրդի անդամ է:
Ինչ կլինի հաբի ներսում
Նախնական նախագծի համաձայն՝ կենտրոնում կտեղակայվեն.
- ռոբոտատեխնիկայի և էլեկտրոնիկայի արհեստանոցներ;
- ԱԲ ստուդիա;
- տրանսֆորմացվող ուսումնական լսարաններ;
- քովորքինգ և գոտիներ թիմային նախագծերի համար;
- դահլիճ միջոցառումների և նախագծերի ցուցադրության համար:
Ծրագրերը նախատեսված են տարբեր տարիքային խմբերի համար: Դպրոցականների և ուսանողների համար կլինեն ԱԲ դասընթացներ, ուսուցիչների համար՝ որակավորման բարձրացում, մասնագետների և ընկերությունների համար՝ կիրառական ԱԲ դասընթացներ: Ծրագրերում են նաև հաքաթոնները և սկսնակ թիմերի աջակցման ծրագրերը, որոնք ցանկանում են գաղափարը վերածել բիզնեսի: Հաբը գործելու է ամբողջ տարին:
Առաջադեմ ուղի «Արմաթի» սաների համար
«Արմաթը» Հայաստանում գործում է ավելի քան 12 տարի: Այսօր ծրագիրն ունի 650 լաբորատորիա երկրի բոլոր մարզերում և 17 հազար աշակերտ: Նրանց համար Հրազդանում կգործարկվի առանձին առաջադեմ ուղի. ծրագրավորման, ռոբոտատեխնիկայի և էլեկտրոնիկայի հիմնական հմտություններից հետո պատանիները կանցնեն կիրառական ԱԲ-ին, իրերի ինտերնետին և ավտոմատացմանը: Նրանք կաշխատեն մասնագիտացված սարքավորումներով, կհավաքեն նախատիպեր և նախագծեր կիրականացնեն ոլորտի փորձագետների ու ընկերությունների հետ միասին:
«Տաղանդները Հայաստանում բաշխված են հավասարաչափ, և մեր խնդիրն է հնարավորությունները ստեղծել նույնքան հավասարաչափ: „Արմաթը“ երեխաներին տալիս է առաջին գործիքներն ու ինքնավստահությունը, իսկ Հրազդանի հաբը նրանց առջև կբացի առաջատար տեխնոլոգիաների աշխարհը և կօգնի դպրոցական նախագծերից անցնել իրական ԱԲ լուծումների և սեփական ընկերությունների»
Ինչ են ասում Firebird-ում
«Մենք ցանկանում ենք, որ երիտասարդները ոչ միայն օգտվեն արհեստական բանականությունից, այլև դրա օգնությամբ ստեղծեն սեփական լուծումները և կյանքի կոչեն իրենց գաղափարները: Մեր դերն է նրանց տրամադրել անհրաժեշտ գործիքներն ու աջակցությունը: Մենք այստեղ ենք երկար ժամանակով, և մեզ համար կարևոր է, որ մեր ներդրումն այս համայնքում ավելին լինի, քան այն, ինչ մենք ստանում ենք դրանից»
Ալեքսանդր Եսայանը հավելել է, որ թիմն ի սկզբանե ցանկացել է ներդրումներ կատարել տեխնոլոգիական կրթության ոլորտում, որպեսզի Հրազդանի և հարակից համայնքների երիտասարդությունը մասնագիտական զարգացման հնարավորություն ունենա: Նրա խոսքով՝ UATE-ի հետ ծրագրի վրա երկար են աշխատել, և նոր կենտրոնը կօգնի պատրաստել մասնագետների հաջորդ սերունդը:
Ինչպես է զարգանալու նախագիծը
Հաբը գործարկվելու է փուլ առ փուլ: Նախ կկահավորվի տարածքը, կմեկնարկեն «Արմաթի» առաջադեմ ծրագիրը, առաջին հաքաթոններն ու թիմերի աջակցման ծրագրերը: Այնուհետև կընդլայնվեն դասընթացների ցանկն ու լսարանը, այդ թվում՝ Հայաստանի այլ մարզերի երիտասարդների հաշվին:
Նախագիծը ներառվում է ընկերության ինովացիոն հարթակի՝ Firebird Labs-ի ռազմավարության մեջ: Labs-ն օգնում է տեխնոլոգիական թիմերին՝ տրամադրելով հաշվողական հզորություններ, համատեղ մշակում և ներդրումներ: Հրազդանի հաբը պետք է լրացնի այս շղթայի կրթական հատվածը և պատրաստի ավելի շատ մարդկանց, որոնք ունակ են աշխատել առաջատար տեխնոլոգիաներով:
Ինչու հենց Հրազդանը
Հրազդանը գտնվում է Երևանից մոտ 45 կմ հյուսիս-արևելք, և այս ամառվանից տեխնոլոգիական քարտեզի վրա առանձին կետ է զբաղեցնում: 2026 թվականի օգոստոսի 8-ին Firebird-ն այստեղ բացել է ԱԲ գործարան NVIDIA DSX հարթակով և Dell PowerEdge սերվերներով: Արարողությանը ներկա էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և NVIDIA-ի ղեկավար Ջենսեն Հուանգը: Առաջին DC-1 հարթակն աշխատում է 15 ՄՎտ հզորությամբ 6144 NVIDIA B200 արագացուցիչներով: Մինչև 2027 թվականի վերջը Firebird-ը մտադիր է Հայաստանում տեղակայել ավելի քան 70 հազար NVIDIA Blackwell և Rubin GPU-ներ ու 300 ՄՎտ ԱԲ հզորություն: Գործարանի առաջին հաճախորդներից մեկը դարձել է Perplexity-ն: