"Մեր հպարտությունը". "Ռոսատոմ"-ի ղեկավարը Հայկական ատոմակայանն անվանել է ԽՍՀՄ լավագույն ատոմային նախագիծը

Սպիտակի երկրաշարժը վերապրած կայանը տասնամյակներ անց շարունակում է գործել

"Ռոսատոմ"-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը Հայկական ատոմակայանն անվանել է Խորհրդային Միության լավագույն ատոմային նախագիծը, որը շարունակում է աշխատել մինչ օրս։ Հայտարարությունը հնչել է դեկտեմբերի 12-ին Մոսկվայում՝ Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին մասնակցող պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների կողմից «Ատոմ» թանգարան այցելության ժամանակ:

Շնորհանդեսի ժամանակ Լիխաչովը հիշեցրել է սեյսմակայուն ВВЭР-440 ռեակտորների հիման վրա կառուցված կայանի եզակի պատմությունը։ Հայկական ատոմակայանը վերապրել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը, որից հետո այն կանգնեցվել է, սակայն ավելի ուշ երկրորդ էներգաբլոկը վերականգնվել և կրկին գործարկվել է։ «Դա պարզապես մեր հպարտությունն է։ Սա Խորհրդային Միության լավագույն ատոմային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է»,- ընդգծել է «Ռոսատոմ»-ի ղեկավարը։

Հայկական ատոմակայան

Նրա խոսքով՝ գործող բլոկի շահագործման ժամկետն արդեն երկարաձգվել է մինչև 2026 թվականը, իսկ Հայաստանի իշխանությունները գործարկել են կայանի աշխատանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու գործընթացը։ «Ռոսատոմ»-ը պատրաստ է ակտիվորեն մասնակցել այդ գործընթացին՝ զուգահեռաբար առաջարկելով գործընկերներին անցում կատարել չորրորդ սերնդի ատոմային էներգետիկային՝ արագ ռեակտորներով, միջուկային վառելիքի փակ ցիկլով և ուրանի պահանջարկի բազմակի կրճատմամբ։ Միևնույն ժամանակ, Հայաստանում շարունակվում է ատոմակայանի արդիականացման ծրագրի իրականացումը և նոր էներգաբլոկի կառուցման նախապատրաստումը։