Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Երևանի և Բաքվի միջև իսկապես բանակցություններ են ընթացել Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքների հնարավոր մատակարարումների շուրջ։ Նրա խոսքով՝ համապատասխան քննարկումը տեղի է ունեցել օրերս Գաբալայում՝ ադրբեջանցի գործընկեր Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք որևէ պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել, Գրիգորյանը նշել է, որ բանակցությունները տեղի են ունեցել, և համագործակցության իրական հնարավորություններ կան։ Ընդ որում, նա ընդգծել է, որ խոսքը դեռևս կոնկրետ պայմանագրերի կամ ապագա մատակարարումների հաստատված պարամետրերի մասին չէ։
Խոսելով վառելիքի ծավալների, Հայաստանի կողմից պոտենցիալ գնորդների, գների և ադրբեջանական նավթի և նավթամթերքների մրցունակության մասին՝ Ռուսաստանից մատակարարումների համեմատ, փոխվարչապետը պարզաբանել է, որ հետագա քայլերը գտնվում են մասնավոր ընկերությունների պատասխանատվության գոտում։ Նրա խոսքով՝ հնարավոր գործարքները կլինեն բացառապես շուկայական բնույթի։ Ավելի վաղ Բաքվում նույնպես հաստատել էին Հայաստան վառելիքի արտահանման շուրջ քննարկման փաստը։