TUMO-ն գրավում է աշխարհը. հայկական կրթական նախագիծը պատրաստ է 52 կենտրոն բացել արտերկրում

Փարիզից մինչև Մումբայ. 21-րդ դարի նորարարությունները հայկական մոդելով

Հայկական կրթական TUMO ցանցը շարունակում է ընդլայնվել երկրի սահմաններից դուրս: Այսօր TUMO կենտրոններն արդեն գործում են Փարիզում, Բեռլինում, Լիսաբոնում, Լոս Անջելեսում, Բուենոս Այրեսում և Տակասակիում, իսկ մոտ ապագայում նոր մասնաճյուղեր կբացվեն Բիլբաոյում, Ֆրանկֆուրտում, Հանոյում, Պոտսդամում, Մումբայում և աշխարհի այլ քաղաքներում: Բանակցություններ են ընթանում ևս մի քանի տասնյակ վայրերի շուրջ, այդ թվում՝ Լոնդոն, Սիդնեյ, Նյու Դելի և Կամպալա:

Հայաստանում ստեղծված նախագիծը ձևավորում է կրթության միջազգային մոդել, որն ուղղված է 21-րդ դարի տեխնոլոգիաներին, ստեղծարարությանը և գործնական հմտություններին: Արտասահմանյան կենտրոնները գործում են ֆրանչայզինգով՝ տեղական կազմակերպությունների և կառավարությունների աջակցությամբ, ուղղելով հովանավորչական միջոցները հայկական TUMO ցանցին՝ նորարարական դպրոցների և կրթական ծրագրերի ընդլայնման համար:

Հայաստանում TUMO-ն նախատեսում է բացել 16 խոշոր կենտրոն և 110 մինի-կենտրոն (բոքսեր) փոքր բնակավայրերում: Այս մոտեցումը թույլ է տալիս համատեղել գլոբալ ներկայությունը և տեղական զարգացումը՝ կրթական հարթակը մատչելի դարձնելով ինչպես խոշոր քաղաքների, այնպես էլ երկրի հեռավոր շրջանների համար: