YouTube-ը պաշտոնապես հայտարարել է Հայաստանում YouTube Partner Program-ի գործարկման մասին։ Արդեն 2026 թվականի գարնանը տեղացի հեղինակները հնարավորություն կունենան միանալ ծրագրին և օրինական կերպով դրամայնացնել իրենց բովանդակությունը՝ եկամուտ ստանալով անմիջապես հարթակից։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է YouTube-ի պաշտոնական բլոգում։
YPP-ին միանալուց հետո հայ ստեղծողները հասանելիություն կստանան եկամտի բոլոր հիմնական աղբյուրներին՝ գովազդին, վճարովի բաժանորդագրություններին, ինչպես նաև դրամայնացման այլ գործիքներին: Բացի այդ, նրանք կդառնան ավելի քան 3 միլիոն հեղինակներից բաղկացած գլոբալ համայնքի մի մասը, որոնց համար YouTube-ը վաղուց արդեն հոբբիից վերածվել է լիարժեք բիզնեսի և եկամտի հիմնական աղբյուրի:
Ընկերությունում ընդգծում են, որ հենց բովանդակություն ստեղծողներն են հարթակի հաջողության հիմքում։ YouTube-ի տվյալներով՝ վերջին չորս տարում աշխարհի հեղինակներին, արտիստներին և մեդիաընկերություններին վճարվել է ավելի քան 100 միլիարդ դոլար։ Հայաստանում դրամայնացման գործարկումը տեղացի բլոգերների համար բացում է աճի և հարթակի գլոբալ էկոհամակարգին ինտեգրվելու նոր հնարավորություններ։