Wildberries-ը հույս ունի հայկական ապրանքների վաճառքի հետ կապված իրավիճակի փուլային կարգավորման վրա

Ընկերությունը հանդիպում է անցկացրել հայ վաճառողների հետ

Wildberries ընկերությունը հայտարարել է, որ մշտական երկխոսության մեջ է գործընկերների և համապատասխան կառույցների հետ՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ մաքսային հսկողության լրացուցիչ ընթացակարգերի հարցի շուրջ։

Ապրիլի 20-ից Ռուսաստանում փոխվել են մաքսային ձևակերպման կանոնները, ինչի կապակցությամբ վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր։ Այն ապրանքները, որոնք արդեն գտնվում են ՌԴ պահեստներում, շարունակում են վաճառվել սովորական ռեժիմով։

Նկարի աղբյուրը: arka.am/

Ընկերության ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել հայ վաճառողների հետ, որին մասնակցել է ավելի քան 50 ձեռնարկատեր։ Հանդիպմանը քննարկվել են ծագած հարցերը, լսվել են գործընկերների առաջարկները, և շարունակվում է համատեղ լուծումների մշակումը։ Վաճառողները պահպանում են Հայաստանի ներքին շուկայում աշխատելու հնարավորությունը։

Wildberries-ը հույս է հայտնել իրավիճակի փուլային կարգավորման վրա և խոստացել է տեղեկացնել էական փոփոխությունների մասին՝ դրանց առաջացմանը զուգահեռ։ Բոլոր հարցերը քննարկվում են սահմանված կարգով՝ համապատասխան կողմերի մասնակցությամբ։